Հայաստանը բիզնեսով զբաղվելու դյուրինությամբ զիջել է իր դիրքերն աշխարհում: Համաշխարհային բանկի «Գործարարություն 2018. բարեփոխումների իրականացում աշխատատեղերի ստեղծման համար» (Doing Business) զեկույցի համաձայն՝ 2017-ին Հայաստանը 47-րդ հորիզոնականում է՝ նախորդ տարվա 38-ի համեմատ: Հարեւան Վրաստանը, ընդհակառակը, կարողացել է նույն վարկանիշում էականորեն բարելավել իր դիրքերն ու հայտնվել առաջին տասնյակում:
Զեկույցի համաձայն՝ ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանը նախավերջինն է. Ռուսատանը 35-րդ հորիզոնականում է, Ղազախստան՝ 36, Բելառուսը՝ 38, և Ղրղզստանը՝ 77: Նախկինում հրապարակված վարկանիշի համեմատ անկման պատճառն, ըստ ՀԲ հաղորդագրության, այլ տնտեսությունների գործարարության կարգավորման միջավայրերի նշանակալի բարելավումները, մեթոդաբանական շտկումները և տվյալների վերանայումներն են:
Ըստ զեկույցի, Հայաստանում դյուրացել է էլեկտրաէներգիայի ստացումը՝ միացման ընթացակարգերի համար պարտադրվել են նոր ժամկետներ, կոմունալ ընկերությունում ներդրվել է աշխարհագրական տեղեկությունների նոր համակարգ։ Դյուրացել է գույքի գրանցումը՝ բարելավվել հողերի կառավարման համակարգի վեճերի կարգավորման մեխանիզմները:
Հայաստանում ավելի հեշտ է զբաղվել բիզբեսով քան Ադրբեջանում, որն այս տարի 57-րդ տեղում է: Վրաստանը՝ 9-րդ տեղով, ընդրգկվել է աշխարհի լավագույն տասնյակում: Այն բարելավել է իր դիրքերը 7 հորիզոնականով: